21/08/2018 10:37
«Փաստ». «Երկիրը վերածվել է հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ «պուպուշներ» և «քըխիկներ»
«Փաստ» թերթը գրում է. «Երկիրը վերածվել է հեղափոխականների ու հակահեղափոխականների: Տխուր է, չափազանց տխուր է, բայց փաստ: Բոլոր նրանք, ովքեր գովում, փառաբանում, խնկարկում են նոր իշխանություններին, նրանք «պուպուշ» են, ավելին՝ լիակատար անսխալական են: Բայց եթե որևէ մեկը հանկարծ ու համարձակվի մի թեթև, մի աննշան քննադատել որևէ իշխանավորի, առավել ևս՝ վարչապետին, անպայման, անկասկած, անտարակույս «քըխ» է, հակահեղափոխական է, հակապետական է: Իսկ ի՞նչ են անում նմանների հետ. ճիշտ է՝ ենթարկում են տոտալ հարձակման, վարկաբեկման, ոչնչացման: Դա քիչ է, կախել է պետք նմաններին, Հրապարակում, հերթական հանրահավաքի ժամանակ: Թե չէ միայն բառերով արդյունքի հնարավոր չէ հասնել, որքան էլ այդ բառերը մաղձով ու հայհոյանքով լեցուն լինեն: Առավել ևս, որ սպառնալիքների պակաս չկա:
Իսկ եթե լուրջ, ապա իրապես մտահոգիչ է հասարակության նման բաժանումը՝ հեղափոխականներ ու հակահեղափոխականներ (որ նույնն է, թե հակապետականներ. դե, «պետությունը ես եմ» գործելաոճը դարերի ընթացքում ընդամենը տրանսֆորմացվել է ըստ անձերի): Ամենևին պարտադիր չէ, որ կառավարության գործունեությունը քննադատողները անպայման ՀՀԿ-ական կամ քոչարյանական «թելը թելեն», անպայման Նիկոլի թշնամի լինեն, հակահեղափոխական լինեն: Ավելին, նրանց մեջ գուցե քիչ չեն նրանք, ովքեր նախկին իշխանություններին էլ անողոք քննադատել են: Եվ դեռ հարց է՝ ով է ավելի հայրենասեր. նա, ով հավատն ու վստահությունը կուրորեն պաշտամունքի է հասցրե՞լ, ով միայն վարդագույն ակնոցներո՞վ է շրջում, թե՞ նա, ով ցավում է երկրի ու պետության համար, ով տեսնում է բացթողումներն ու բարձրաձայնում դրանց մասին՝ շտկելու, օգնելու միտումով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում