21/08/2018 12:18
Ոստիկանապետը տեղյակ չէ՝ արդյոք Մանվել Գրիգորյանի լուսանկարն արվել է ՁՊՎ-ում
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ, որ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի լուսանկարն արվել է ոստիկանության ենթակայությամբ գտնվող ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ լրագրողը փոխանցեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքերը, թե լուսանկարն արվել է ոչ թե ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այլ ձերբակալվածների պահման վայրում, Օսիպյանը արձագանքեց. «Ես որքան տեղեկացված եմ, իսկ ես տեղեկացված եմ, Մանվել Գրիգորյանը պահվում է ԱԱԾ շենքում և կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իմ գործընկերներին»։
Նա նաև չպատասխանեց հարցին, թե արդյոք ծառայողական քննություն կիրականացվի՝ պարզելու լուսանկարն արվել է արդյոք ՁՊՎ-ում, թե ոչ։
Նշենք, որ Արտակ Զեյնալյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում»։
Նկատենք՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գտնվում է արդարադատության նախարարության ենթակայությամբ, իսկ ՁՊՎ-ները՝ ոստիկանության։