22/08/2018 15:44
Նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը. Թանդիլյան (Տեսանյութ)
Մեր երկրում չի լինելու քաղաքացի, ով այլևս ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Վերջինս ընդգծեց, որ այսօր հանրապետությունում կան թոշակառուներ, ովքեր ցածր թոշակ են ստանում, որոշ դեպքերում էլ ծերության նպաստ, եթե աշխատանքային ստաժը չի բավականացրել և իբրև թե նաև այս խնդիրենրին է միտված կուտակայինի կենսաթոշակային համակարգի լուծումը:
«Բայց ակնհայտ է, որ որևէ կարգավորում չի արդարացնում այն իրավիճակը, որ մեր երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ: Սրանք քաղաքացիներ են, ովքեր հասել են թոշակի տարիքի, սակայն այս կամ այն պատճառով պարենային զամբյուղի շեմից ցածր նպաստ են ստանում», - ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս մասով արդեն նախարարությունը ունի համաձայնություն, որը առնվազն 80 հազար քաղաքացու է վերաբերում:
Թանդիլյանն ընդգծեց, որ կսահմանվի նաև նվազագույն կենսաթոշակի չափ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր. «Հավանաբար 25 հազար դրամի կարգի կլինի, 2016-ի դրությամբ մոտ 23 հազար դրամ է: Մենք հաշվարկում ենք գնաճի իմաստով, և կարելի է ենթադրել, որ դա 25 հազար դրամի կարգի է»,- հավելեց նա՝ նկատելով, որ նախևառաջ թիրախավորվելու են գոյության պայմաններ չունեցող քաղաքացիները: