23/08/2018 11:56
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա անընդունելի է մեր կառավարության համար. Նիկոլ Փաշինյան
Փաստ է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա անընդունելի է մեր կառավարության համար, այսօր գործադիրի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է և մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել։ Մեր կառավարության կարևոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի հանրապետության քաղաքացիները», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար:
«Պետք է հաստատենք այնպիսի շահագործման կանոններ, որ հանրությունը իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը և հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նիստի ընթացքում գործադիրն ընդունեց Հանքարդյունավերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշումը: