24/08/2018 19:22
Հայաստանը լավ օրինակ կարող է լինել՝ երբևէ հնարավոր է համագործակցություն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Մերկել (Տեսանյութ)
Հայաստանը կարող է Ռուսաստանի ու Եվրամիության հետ համագործակցությունը համատեղելու լավ օրինակ լինել, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Հայաստանը կարող է լինել օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ ու, միաժամանակ, լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ», - ասաց Գերմանիայի կանցլերը:
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ որևէ համագործակցություն լինի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև և ի՞նչ դերակատարում դրանում կարող է ունենալ Հայաստանը, Անգելա Մերկելն ասաց.
«Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով բանակցություններ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև դժվար տեղի ունենան, բայց, կարծում եմ, Հայաստանը լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարող է նաև նման բան լինել»:
ՀՀ վարչապետն իր հերթին ընդգծեց՝ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց ԵՄ-ի հետ ևս Հայաստանն ունի առևտրի հատուկ ռեժիմ:
«Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանն ունի նաև ԵՄ հետ առևտրի հատուկ ռեժիմ և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու առևտրաշրջանառության ծավալը», - ասաց Նիկոլ Փաշինյանը: