24/08/2018 15:29
Մերկել. Քիչ հավանական է Վրաստանի մոտ ժամանակներում անդամակցումը ՆԱՏՕ-ին
Գերմանիան պաշտպանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը, բայց դաշինքին երկրի մոտալուտ անդամակցումը քիչ հավանական է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Թբիլիսիում ուսանողների հետ կայացած հանդիպմանը:
«Գերմանիան պաշտպանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացը, բայց ցանկանում եմ անկեղծ լինել՝ այս փուլում Գերմանիան չի կարող խոսել դաշինքին Վրաստանի մոտալուտ անդամակցության մասին», - ասել է Մերկելը:
Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը կոչ է արել «շարունակել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման գործընթացը և քայլ առ քայլ ընթանալ այդ ուղղությամբ»:
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման համար շատ կարևոր է դաշինքի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործումը, որը հաստատվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»:
Այդ կապակցությամբ Մերկելը նշել է «Վրաստանի ակտիվ մասնակցությունն Աֆղանստանում իրականացվող միջազգային խաղաղապահ գործողությանը»: