25/08/2018 01:06
Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Գերմանիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:
Ն.Փաշինյանը նշել է, որ կանցլերը պատմության մեջ առաջին անգամ այցելում է Հայաստան:
«Հայաստանի մամուլն արդեն հասցրել է այցը որակել որպես պատմական և ես համաձայն եմ այդ որակման հետ (...) մենք չափազանց կարևոր և արդյունավետ բանակցություններ ունեցանք տիկին կանցլերի հետ: Եվ համոզված եմ, որ հետևողականորեն և սկզբունքորեն մեր բոլոր պայմանավորվածությունները կետ առ կետ իրականություն կդարձնենք, ինչը կնշանակի նոր էջ մեր երկրների հարաբերությունների համար», - ասել է Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն:
«Համոզված եմ, որ մեր կառավարությունն ամեն ինչ կանի, որ մինչ այս եղած պոտենցիալը բազմապատկվի և մենք ունենանք առավել մեծ, առավել տպավորիչ արդյունքներ ու մեր հարաբերությունները զարգանան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում: (...) մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբևէ և ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը և Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը և պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում և մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ», - ասել է Ն.Փաշինյանը։
Իր հերթին Անգելա Մերկելը նշել է, որ գարնան ամիսներին իրենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էին, «թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը»:
«Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ: Մենք գիտենք, թե որքան են մարդիկ սիրում խոսել, բայց մենք երկուստեք կարևորեցինք գործը և այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին: Եվ որպեսզի մենք չմոռանանք մեր պայմանավորվածությունների մասին՝ ես Ձեզ՝ պարոն վարչապետ, հրավիրեցի հյուրընկալվել Գերմանիայում, որպեսզի կարողանանք արձանագրել ձեռքբերված առաջընթացը և շարունակել աշխատել հետագա զարգացման ուղղությամբ», - ասել է Ա.Մերկելը։