25/08/2018 11:42
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուն Միքայել Մանուկյանն է
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։
Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։
Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով։
Նշենք, որ Միքայել Մանուկյանն այժմ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: