27/08/2018 13:24
Նախատեսվում է մինչև այս տարվա վերջ ընդունել կինոյի և թանգարանների մասին օրենքները. Նախարար
Գյումրիում ստեղծարար կենտրոն հիմնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որը լինելու է առաջիկա երեք տարիների ամենախոշոր նախագծերից մեկը: Նախագծի հովանավորներն են սփյուռքահայ Դավիդյան եղբայրները, որոնց հետ մեկնարկի մասին շուտով միասնական հայտարարություն կտարածեն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նախարարը կարևոր համարեց նաև այն հանգամանքը, որ մշակվել է մշակույթի նախարարության նոր կազմակերպչական կառուցվածքի նախագիծը:
«Մշակույթի նախարարության աշխատանքների արդյունավետությունը պայմանավորված է նաև հենց կազմակերպչական կառուցվածքով, բաժինների, ենթակառուցվածքների աշխատանքների տարանջատմամբ ու հստակ սահմանմամբ», - նշեց նա:
Ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք հասցեագրում և աշխատում են օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ՝ մասնավորապես կինոյի օրենքի մշակման, թանգարանների ու հուշարձանների, նաև՝ թատրոնների հետ կապված հարցերում: Նախատեսվում է մինչև այս տարվա վերջ ընդունել կինոյի և թանգարանների մասին օրենքները: Նախարարի խոսքով՝ կինոյի օրենքի հետ կապված արդեն իսկ պատրաստի փաթեթներ կան, որոնք քննարկման փուլում են:
«Նախատեսում ենք ներգրավել նաև միջազգային փորձագետների` դրամաշնորհներին դիմելու միջոցով, քանի որ միջազգային պակտիկայի կիրառումը կարևոր դեր կարող է խաղալ ոլորտի զարգացման ու միջազգային ներդրողներ ներգրավելու համար:
Մշակութային գերատեսչությունը պատրաստվում է նաև միջոցառումներ իրականացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Նյու Յորքի Մետրոպոլիտենում էլ շուտով կներկայացվեն հայկական հուշարձանների նմուշները: