27/08/2018 12:44
Երկրաշարժից տուժած Գյումրու ամենափրկիչ եկեղեցին 30 տարի անց իր դռները կբացի դետեմբերի 7-ին. Լիլիթ Մակունց
Մշակույթի նախարարության կողմից միջամտություն է ցուցաբերվել և կանխվել է թվով 32 հուշարձանի վտանգումը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
100-օրյա գործունեությունը գերատեսչության ղեկավարը կետ առ կետ նշեց. «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդին՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնին:
«Դադարեցվել են «Հին Երևան» ծրագրի տարածքում իրականացվող անօրինական շինարարական աշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել են հուշարձան շենքի փոփոխման աշխատանքները և չեղյալ է համարվել 2017 թվականին տրված թույլտվությունը: Կանխվել են Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը: Դադարեցվել և իրավապահ մարմիններին է ներկայացվել Խնձորեսկում անօրինական շինարարական աշխատանքները», - առանձնացրեց նախարարը:
Հատկանշական է, որ ծրագրերի մեջ նախատեսված է 30 մլն դրամ հատկացնել Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար: Լ. Մակունցն ընդգծեց՝ Ամենափրկիչի հիմնանորոգումները վաղուց ավարտված են, հավելյալ աշխատանքներն ավարտին հասցնելու համար որոշակի միջոցներ էին հարկավոր, ու այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացնել ոլորտում խնայողությունների հաշվին: