27/08/2018 10:52
Լուկաշենկո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամանակին այլ թեկնածու էի առաջարկում, սակայն ինձ չլսեցին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք նրան, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս», - ասել է նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով` Խաչատուրովի շուրջ իրավիճանը քննարկվել է նաև օգոստոսի 22-ին Սոչիում` Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը... Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները», - հայտնել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՔԾ-ն հուլիսի 26-ին մարտի 1-ի գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գործի շրջանակում որպես մեղադրյալներ են հանդես գալիս նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 2008 թվականին ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում: