27/08/2018 13:43
100 օրվա ընթացքում Օպերայի հետ կապված գրավոր ու բանավոր բավականաչափ խնդիրներ են ներկայացվել. Նախարար
Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում Օպերայի հետ կապված գրավոր ու բանավոր բավականաչափ խնդիրներ են ներկայացվել աշխատակիցների կողմից, լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Այս բոլոր խնդիրների հետ կապված անձամբ պարոն Օրբելյանի հետ բազմաթիվ զրույցներ ու քննարկումներ եմ ունեցել, որի արդյունքում ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ այդ խնդիրները հասցեագրվելու են: Իհարկե, ոչ անվանական, բայց ես իրեն բառացի ներկայացրել եմ ստացածս խնդիրները: Դրանց կանդրադառնանք, երբ պարոն Օրբելյանն արձակուրդից վերադառնա: Հուսով եմ՝ մոտ ապագայում նա կներկայացնի այն քայլերը, որոնք ձեռնարկելու է Օպերայի առողջացման ու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ», - նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք մշակութային այդ կառույցում արմատական փոփոխություններ անելու անհրաժեշտություն չկա, գերատեսչության ղեկավարը խոստովանեց. «Կարիք կա, բայց դեռևս սպասում ենք Կ. Օրբելյանի առաջարկներին, որից հետո որոշում կընդունվի»: