27/08/2018 15:57
Սարյանի կտավների ու նրա թոռնուհու ստորագրության կեղծման առնչությամբ գործն ուղարկվել է դատախազություն. մշակույթի նախարար
Ինձ մոտ փաստաթղթեր էին հայտնվել, համաձայն որոնց Մշակույթի նախարարության համապատասխան ՊՕԱԿ-ը տվել էր եզրակացություն, որ Մ. Սարյանի կտավները բնօրինակն են և նրանց վրա դրված է Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով, անդրադառնալով նախկինում արված չարաշահումներին՝ այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ բարձրաձայնեց նախարար Լիլիթ Մակունցը:
«Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ այլ փաստաթուղթ ևս, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ ոչ միայն կտավները բնօրինակները չեն, այլև կեղծված է նաև իր ստորագրությունը: Այս գրությունից հետո մենք փաթեթն անմիջապես ուղարկել ենք դատախազություն, որպեսզի գործին ընթացք տրվի: Գիտենք, որ արդեն հարցաքննություններ են կատարվում այս գործի առնչությամբ», - տեղեկացրեց նախարարը:
Բոլոր հուշարձանների ու հուշարձանային գոտիների հետ կապված խախտումների առընչությամբ գործերը ևս դատախազություն են հանձնվում:
«Չարաշահումների բացառումը եղել է իմ գերակա խնդիրը: Կառավարությունում ու դրանից դուրս կան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ ու մնացյալ համապատասխան գործողություններ ձեռնարկելով: Բոլոր այդ գերատեսչություններն իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ են կատարում, մենք էլ մշտապես իրենց տեղյակ ենք պահում ժամանակին տեղի ունեցած չարաշահումների մասին, որոնց բախվում ենք ընթացքում», - նշեց Լիլիթ Մակունցը: