27/08/2018 16:33
Այս ներկայացման տոմսերը սպառվում են ներկայացումից օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ. Լիլիթ Մակունցը՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին
Կան կարծիքներ, որ բեմադրության շեշտադրումը հիմնականում դրվել է էմցիոնալ ֆոնի վրա, ինչն էլ գրավում է հանդիսատեսին ու բերում թատրոն: Սակայն պետք է նշեմ, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումն այս պահին մեծ պահանջարկ ունեցող ներկայացում է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով թատրոնների գործունեությանն ու բեմադրությունների որակին, առավել ևս՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին արձագանքներին՝ ընդգծեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Այս ներկայացման տոմսերը սպառվում են ներկայացումից օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ: Եթե հանդիսատեսի սրտին դիպել է հենց այդ էմոցիոնալ հատվածը, ապա բնական է, որ հենց դա է նրան տարել թատրոն: Պետք է կարողանալ հանդիսատեսին տրամադրել բովանդակային առումով այլընտրաքային տարբերակներ», - նշեց նախարարը:
Խոսելով թատրոնների աշխատանքների կարգավորումից՝ ոլորտի գերատեսչության ղեկավարը նշեց՝ խնդիրը օրենսդրական դաշտում է ու այնտեղ էլ պետք է լուծվի:
Ինչ վերաբերում է հեռուստապրոդուկտի սպառմանը՝ նախարարն ընդգծեց՝ նախ՝ մշակութային կրթվածության պակաս կա, նաև՝ այլընտրանքի բացակայության:
«Միայն բիզնես շահույթն է կարևորվում: Մենք առանձնապես ջանք չենք գործադրում, որպեսզի ճաշակ ձևավորենք, կարողանանք այնպես անել, որպեսզի մարդիկ, օրինակ, ցանկանան այցելել թանգարաններ: Պետական մակարդակով, կամ մշակութային հաստատությունների կողմից որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է, որ երեխան ցանկություն հայտնի թատրոն հաճախելու, և ոչ թե ընկերոջ հետ դրսում զբոսնելու: Ոչ, բոլորի կողմից խնդիր է դրվում միայն բիզնես շահույթը: Հիմա մենք հենց այս հարցերի շուրջ ենք աշխատում», -նկատեց Լ. Մակունցը: