28/08/2018 13:55
Ուրախ եմ, որ մեր ռադիոն իր փոքրիկ ներդրումն ունի. Արթուր Իսպիրյանը՝ Վիլյամ Սարոյանի տուն թանգարանի բացման ու գրողի հետ իր հանդիպման մասին
Օգոստոսի 31-ին իր ծննդավայր Ֆրեզնոյում կբացվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն թանգարանը, որը նորարարական իր բոլոր լուծումներով տարածաշրջանում միակն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:
Օգոստոսի 31-ը պատահական ընտրված օր չէ. ուղիղ 110 տարի առաջ հենց այդ օրն է ծնվել մեծանուն հայ գրողը, կյանքի վերջին 17 տարիներն էլ անցկացրել է Ֆրեզնոյի «W Griffith Way 2729» հասցեում գտնվող իր տանը, որը 2016 թվականին գնեց Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը:
«Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը: Տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով թանգարանի սրահներից մեկում իր հյուրերին «կդիմավորի» հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերով:
Ի դեպ, մեծանուն գրողի տուն-թանգարանը համալրվել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյի արխիվում տեղ գտած սարոյանական հարստությամբ:
«Հրաշալի աշխատանք է կատարվում, և ուրախ եմ, որ մեր ռադիոն իր փոքրիկ ներդրումն ունի: Վիլյամ Սարոյանի մասին ամենաշատ նյութը, երևի թե մենք ունենք Հանրային ռադիոյի արխիվում: Այստեղ են պահպանվում թե՛ իր հարցազրույցները, թե՛ ներկայացումները, որոնք խաղացել են մեր մեծերը… Տրամադրել ենք կարևոր ձայնագրություններ: Վ. Սարոյանի գրած բառերով ժամանակին երգել է Ռոզմարի Քլունին (Ջորջ Քլունիի հորաքույրը՝ հեղ.): Ես ռադիոյում գտա այդ երգի թարգմանությունը՝ Էդգար Կարապետյանի կատարմամբ (1963 թ.) ու փոխանցեցի թանգարանին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգիչ-երգահան, Հանրային ռադիոյի արխիվի աշխատակից Արթուր Իսպիրյանը:
Վերջինս ընդգծում է՝ որքան էլ Արթուր Ջանիբեկյանը չի սիրում, որ իր անունը հաճախ նշվի, այնուամենայնիվ, չի կարելի չբարձրաձայնել, որ ահռելի ու կարևոր աշխատանք է կատարվել: Սարոյանի հիշատակը կկորեր, եթե հիմնադրամը ձեռք չբերեր այդ տունը:
Արթուր Իսպիրյանը հիշում է՝ իր կյանքում էլ կարևոր ու մեծ դեր է ունեցել Սարոյանը. Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշակերտը երբեք չի մոռանում այն օրը, երբ ամերիկահայ գրողը ոտք դրեց այդ դպրոց:
«Չեմ հիշում՝ առաջին, թե երկրորդ դասարան էի, 1969 կամ 70 թվականն էր, Սարոյանը եկավ մեր դպրոց: Այն ժամանակ այդ դպրոցը անգլիական թեքում ուներ: Դահլիճում փոքրիկ հանդես էինք կազմակերպել, ուսուցչուհին ինձ ասաց՝ բեմից անգլերեն երգ երգիր Վիլյամ Սարոյանի համար: Երգեցի: Սարոյանն ինձ մոտեցավ, գրկեց ու ծիծաղելով ականջիս ասաց՝ հայերեն երգիր, մանչս, հայերեն… Ուրախ եմ, որ նրան տեսել եմ, ու նույնիսկ գրկել է ինձ: Շատ եմ ափսոսում, որ այն ժամանակներում հեռախոսներ չկային ու այդ օրվանից նկար չունեցա», - հուզմունքով պատմեց երգահանը:
Հատկանշական է, որ հետագայում Սարոյանի տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն: