28/08/2018 18:00
Վարչապետը չի տիրապետում իրավիճակին. այդպես 100 օր չեն ամփոփում. Կարինե Աճեմյան (Տեսանյութ)
Ես հասկացա, որ վարչապետն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին այն առումով, որ այդպես հարյուր օր չեն ամփոփում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով Փաշինյանի կառավարության 100 օրվա աշխատանքների ամփոփմանը:
«Երբ հաշվետվություն ես ներկայացնում և միայնակ բղավում ես ամբողջ ընտրազանգվածի մոտ, դա հաշվետվություն համարելը դժվար է, որովհետև որևէ հիմնավորում, որևէ ոլորտի հետ կապված որևէ փաստարկ, որևէ առաջխաղացում չես նշում, չէ՞ որ 100 օրը որոշակի ժամանակահատված է և իրեն ամբողջ ծավալով աշխատելու հնարավորություն է տրվել», - նշեց Աճեմյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև նախարարների հաշվետվություններին՝ նշելով, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել՝ որոշ նախարարներ անգամ չեն տիրապետում իրավիճակին:
«Նույնիսկ նախարարների 100 օրվա հաշվետվությունները ծիծաղելի եմ համարում, որովհետև հասկացա, որ նախարարներ կան, որոնք չեն տիրապետում իրավիճակին, իրենց ոլորտից էլ կիլոմետրերով հեռու են: Սա որպես մտահոգ մարդ եմ ասում, որովհետև այս ինստիտուտները՝ կառավարություն, դատական համակարգ, Ազգային ժողով, չափազանց կարևորում եմ, և մենք բոլոր թերություններով հանդերձ՝ այս ոլորտները կարողացել ենք կայացնել, բայց հիմա, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ ամեն ոք ամեն տեղ կարող է աշխատել և որևէ պատասխանատվություն չկրել: Դա համարում եմ շատ բացասական երևույթ», - ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի և օլիգարխների դեմ պայքարին, ապա Աճեմյանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ մուտքեր չեն եղել, իսկ եթե օլիգարխները բերման են ենթարկվում ու որոշակի գործողություններ են իրականացվում, ապա բյուջեն էլ համապատասխանորեն պետք է փոխվի:
«Հայտարարությունների մասով դա այդպես է, բայց փաստերի մակարդակով, թույլ տվեք, չհամաձայնել ձեզ հետ», - նկատեց նա:
Դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով բացահայտումներն էլ տեսանելի չի՞ համարում ու կարծում է, որ դրանք ներկայացման մա՞ս են, պատգամավորն արձագանքեց.
«Պոպուլիստական հայտարարություններ շատ են հնչել, և ես մտածում էի սկզբում, որ որոշ հարցերում հնարավոր է սկզբունքայնություն դրսևորվի, բայց համարում եմ, որ ոչ: Մարտի 1-ով որևէ բացահայտում չկա և մոտակա ժամանակներում չգիտեմ՝ կլինի, թե ոչ»: