28/08/2018 16:00
Անվերապահ որևէ մեկին չենք աջակցել և չենք էլ պատրաստվում. Արմեն Ռուստամյանը՝ Քոչարյանին աջակցելու մասին (Տեսանյութ)
Մենք անվերապահ որևէ մեկին չենք աջակցել և չենք էլ պատրաստվում աջակցել, ընդհանրապես կռապաշտությունը վատ բան է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն պաշտպանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Կուռքեր չկան, անվերապահ որևէ մեկին պաշտպանել ոչ մեկի խորհուրդ չենք տա: Մենք ասում ենք՝ մի դատիր որ չդատվես, բայց եթե դատում ես, պետք է դատես առանց ցասումի, որովհետև եթե մի անգամ մեր կրքերով, զգացմունքներով և անաչառ լինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ ու հետո դրա դեմ պետք է պայքարենք: Չի կարելի անարադարության դեմ ոչ արդար միջոցներով պայքարել: Սա է մեր ասածը, կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե ով ուզում է լինի», - ասաց Ռուստամյանը:
Հարցին, թե արդյոք Քոչարյանի նկատմամբ կատարվածը համարում է քաղաքական հետապնդում և Քոչարյանին կարելի է համարել քաղբանտարկյալ, Ռուստամյանը նշեց, որ դրա համար կա 5 չափորոշիչ, որոնց առկայությունը նախ պետք է ապացուցել:
«Քաղաքական հետապնդումների մասին խոսքը կարող է գնալ, եթե այդ հինգ չափորոշիչից մեկը խախտվել է ու դա փաստվի», - ասաց նա՝ հավելելով, որ ավելի լավ է մարդուն առաջադրել մեղադրանք, որի համար կան հսկայական փաստեր, քան մեղադրել մի բանում, որի իրողությունը դեռ պետք է ապացուցվի:
«Եթե մենք մեղադրանք ենք դնում, որն ինքը դեռ պետք է ապացուցվի, ապա հնարավորություն ենք տալիս, որպեսզի մեղադրայլը դրանով ադարանա», - ընդգծեց Ռուստամյանը: