28/08/2018 17:40
Սա սկիզբն է Սարոյանին նորովի բացահայտելու գործընթացի. Կինոգետ Արծվի Բախչինյանը՝ Սարոյանի տուն-թանգարանի մասին
Շուրջ 2 տարի առաջ Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք բերեց Ֆրեզնոյում աճուրդի հանված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը: Եվ արդեն 2 տարի անց՝ օգոստոսի 31-ին՝ մեծանուն գրողի ծննդյան օրը, տունն իր դռները կբացի արդեն որպես թանգարան, որը զինված է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով:
Թանգարանի ձևավորման հարցում հիմնադրամի առաջարկով իրենց ներդրումն են ունեցել նաև սարոյանագետներն ու սարոյանասերները: Բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանն Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ առաջին իսկ օրից մի շարք մտավորականների հետ ընդգրկված է եղել հիմնադրամի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին ու քննարկումներին:
«Այնտեղ էին լուսանկարիչ Վահան Քոչարը, ով անձամբ է ճանաչել Սարոյանին, հեռուստալրագրող Ջուլիա Կաժոյանն, ով հանդիպել ու նրա մասին հաղորդումներ է պատրաստել, թատերագետ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին, ով թեկնածուական ատենախոսություն էր պաշտպանել «Սարոյանի դրամատուրգիան հայ բեմում» թեմայով… Սա երկար սպասված նախաձեռնություն է, ու ես ողջունում եմ Արթուր Ջանիբեկյանի որոշումը՝ տեր կանգնել Սարոյանի պես մեծության թողած ժառանգությանը: Մեծ հույս ունեմ, որ այս ամենի շնորհիվ, վերջապես, հնարավորություն կունենանք ծանոթանալու գրողի՝ մինչ այժմ անտիպ մնացած գրական հսկա ժառանգությանը, որոնք 100-ից ավելի են: Առաջնահերթ, դրանք պետք է հրատարակել բնագրի լեզվով, այնուհետև՝ թարգմանել հայերեն և այլ լեզուներով», - նշեց մեր զրուցակիցը:
Սարոյանագետի խոսքով՝ մենք գրողին կամ շատ քիչ ենք ճանաչում կամ ավելին՝ առհասարակ չենք ճանաչում: Միայն մի քանի հայտնի ստեղծագործությունը քիչ է մեծանուն ստեղծագործողին լիովին բացահայտելու համար: Աշխարհի միակ սարոյանական թանգարանը թույլ կտա նրա մասին ունեցած մեր ինֆորմացիան առավել հարստացնել:
«Հրաշալի է, որ սա չի լինելու շարքային, սովորական մի թանգարան, որը հանգուցյալի դամբարան է հիշեցնում: Այստեղ նոր տեխնոլոգիաներ են կիրառված ցուցադրությունն առավել ժամանակակից ու խոսուն կազմակերպելու համար: Բացի այդ, թանգարանը հնարավորություն կտա ինստիտուցիոն ձևաչափով տեր կանգնելու Սարոյանի՝ ամերիկյան արխիվներում փոշոտվող ժառանգությանը: Ըստ իս՝ սա սկիզբն է Սարոյանին նորովի բացահայտելու գործընթացի», - մեզ հետ զրույցը եզրափակեց Արծվի Բախչինյանը: