29/08/2018 12:22
2018-ի ամռանը Հայաստանում գրանցվել է էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում. Նախարար
2018թ. ամռանը Հայաստանում գրանցվել է էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրն, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում: Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել, որ ամռան ամիսներին էլեկտրաէներգիայի ներքին սպառումը հասնի օրական 1030 մեգավատի», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Ըստ նրա, սա հիմնականում պայմանավորված է շոգ օրերով:
«Մեզ համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում իրականացնել հուսալի և որակյալ ծառայություններ, հատկապես, որ այս ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում: Կազմակերպված աշխատանքի ու փորձառու անձնակազմի ջանքերով մենք ոչ մի խափանում չունեցանք», - ասաց նախարարը: