29/08/2018 13:17
Հայաստանում շահագործվող 10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրերի շահագործողները խախտումների պատճառով զգուշացում են ստացել. Նախարար
Հայաստանի 10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններին նախարարության կողմից տրվել են զգուշացումներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նա նշեց՝ դրանցում շահագործման օրինականության հետ կապված խախտումներ են արձանագրվել անցկացված ուսումնասիրությունների արդյունքում:
«Հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է շատ խորը ուսումնասիրություն: Այսօր ՀՀ-ում ունենք 27 մետաղական հանքավայրի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, և ինձ համար առաջնահերթ խնդիր էր ուսումնասիրել մետաղական հանքավայրերի կողմից շահագործման իրավիճակը: Արդյունքում 10 մետաղական հանքավայրերի արդեն տրված են զգուշացումներ: 146 ոչ մետաղական հանքավայրերի նույնպես տրվել են զգուշացումներ», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Նա նշեց՝ նախարարության կողմից զգուշացվելուց հետո հանքավայրերը շահագործող ընկերությունները պարտավոր են վերացնել առկա թերություններն 90 օրվա ընթացքում:
«Եթե դա չկատարեն, կզրկվեն լիցենզիայից», - ասաց նախարարը: