29/08/2018 19:05
Նվազագույն կենսաթոշակը 2000 դրամով բարձրացնելը որևէ խնդիր չի լուծելու. Սերգեյ Բագրատյան (Տեսանյութ)
Կոռուպցիայի վերացման ուղղությամբ հստակ աշխատանք է տարվում, ինչը բոլորիս տեսանելի է ու սպասելի է, որ դրա արդյունքում ամբողջ տնտեսության մոնոպոլիզացիան պետք է բացվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով նոր կառավարության 100-օրվա աշխատանքներին:
«Ես ուշադրություն դարձրեցի, որ վարչապետը տնտեսության զարգացման երկու համակարգ է կարևորում՝ արդարադատության կայացումը և կոռուպցիայի վերացումը: Այս երկու հենասյուները էական նշանակություն կունենան տնտեսության վրա, բայց դրանք բավարար չեն»:
Բագրատյանի խոսքով՝ հարկային և մաքսային մարմինների հանդեպ դեռևս անհրաժեշտ վստահությունը ձևավորված չէ, ինչը շատ կարևոր գործոն է.
Խոսելով կոռուպցիոն բացահայտումների մասին՝ Բագրատյանը կարևորեց կոռուպցիոն սխեմաների բացահայտումը՝ ընդգծելով. «Առայժմ մենք սխեմաների բացահայտման ճանապարհով չեն գնում, բայց այն գործողությունները, որ կատարվում են, տանելու են սխեմաների բացահայտման»:
Անդրադառնալով սոցապ նախարարի այն հայտարարությանը, որ նախատեսվում է հասարակության որոշ խմբի համար մոտ 2000 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ պատգամավորն ընդգծեց. «Բոլորս հասկանում ենք, որ մինիմալ թոշակի 2000 դրամով բարձրացնելը որևէ խնդիր չի լուծելու: Սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, որ դրական սպասումներ առաջացնեն հանրության շրջանում»:
Ըստ Բագրատյանի՝ այստեղ պետք է արմատական լուծումների գնալ. «Ոլորտի չարաշահումները անսահմանության են հասնում: Տարիներ շարունակ մսխվել են սոցիալական բլոկի միոջցները, եթե այդ վերլուծությունները ճիշտ արվեն և փակվեն այդ բոլոր սողանցքերը, թոշակի ոչ թե 2000, այլ առարկայական 10-15 հազար դրամի բարձրացում կարող ենք ունենալ: Կարծում եմ՝ այս մեսիջը այն սկիզբն է, որով կառավարությունը փորձում է հանրությանը վստահեցնել, որ լուրջ փոփոխություններ են սպասվում»:
Մանրամասները՝ տեսանյութում