29/08/2018 12:30
Ինձ թվում է՝ Հանրապետականի ցանկացած թեկնածուի դեպքում իշխանափոխության այս գործընթացը պետք է գնար. Բաղդասարյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, որ հեղափոխության պատճառները Սահմանադրական փոփոխություններն էին ու այն, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը պահելու փորձեր ձեռնարկեց՝ անցնելով վարչապետի աթոռին։
Բաղդասրյանն ընդգծեց, որ խորհրդարանական պետության խնդիրը քննարկվում էր դեռ շատ վաղուց, որը ժամանակին վաղաժամկետ էր համարվում, մինչդեռ այս փուլում պահը հասունացել էր։
Ըստ Բաղդասարյանի՝ հեղափոխության գործընթացը ևս կապված չէր Սերժ Սարգսյանին թեկնածու առաջադրելու հետ:
«Պառլամենտական մեծամասնությունը մենք էինք և մեր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին պետք է առաջադրեինք թեկնածու։ Հիմա էլ ես կասկած չունեմ, որ մեր երկրի անվտանգությունից ելնելով, մենք ճիշտ թեկանծու ենք ընտրել։ Ինչ վերաբերում է մեր իշխանությունը պահելուն, ապա եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից Հանրապետականը պետք է թեկնածու առաջադրեր ու դա էլի պետք է լիներ մեր իշխանությունը։ Ինձ թվում է՝ ցանկացած թեկնածուի դեպքում իշխանափոխության այս գործընթացը, որը պատրաստվում էր, պետք է գնար», - նշեց Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀԿ-ն պատրաստ է Քոչարյանի հետ համագործակցության, Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել։
«Երբ Ռոբերտ Քոչարյանը ինքը կներկայանա քաղաքական դաշտում, ապա դա քննարկման առարկա կդառնա», - ասաց նա։