29/08/2018 13:02
Նիկոլ Փաշինյանը բարով մաշի. Վահրամ Բաղդասարյանը՝ «Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրության» մասին (Տեսանյութ)
Այս խորհրդարնն իր բնական հունով աշխատում է, ու մենք խորհրդարանի աշխատանքը կարողանում ենք բնական ձևով ապահովել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը։
«Չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս մեկը», - նշեց նա։
Դիտարկմանը, որ անբնական երևույթ է, երբ ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն է, Բաղդասարյանն առարկեց.
«Իրոք, այդ երևույթն անբնական է, բայց առայժմ խոչընդոտներ չկան։ Քաղաքական դաշտի հետաքրքրությունը հենց այդ անբնական երևույնթերն են։ Հայերը սիրում են անբնական երևույթներով առաջ շարժվել»։
Բաղդասարյանը նաև նշեց, որ Փաշինյանի հրաժարականի առիթ այս պահին չի տեսնում։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ապա մեծ է ռիսկը, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրել ու նրան ընտրել, Բաղդասարյանն ասաց.
«Քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն, իսկ այսօր ռիսկային չէ՞ այն քայլը, որ ինքը այս շարժումը կատարեց։ Դա ավելի ռիսկային էր, և ընդհանրապես արդյունքի հասնելու համար միշտ պետք է ռիսկայնությունից չխուսափել։ Մենք հիմա նման որոշում չունենք, բայց ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նա աշխատում է ու իր աշխատանքով պետք է ամեն ինչ ապացուցի ու իր հրաժարականը չեմ կարծում, որ ԱԺ արձակման առիթ է։ Առայժմ նրան խանգարող որևէ հանագամանք չկա։ Մենք աջակցում ենք և պետք է աջակցենք կառավարության ծրագրերին։ Մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա»։
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ քաղաքական զարգացումների հետ Սահմանադրության փոփոխությունների կարիք ևս զգացվում է, բայց դեռ պետք է հստակեցնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ։
«Առայժմ չկա այդ փաստաթուղթը։ Կան բանավոր հայտարարություններ, չկա համապատասխան առաջարկություն։ Երբ կլինի գրավոր առաջարկություն, մենք կքննարկենք և քաղաքական որոշման արդյունքը կտեղեկացնենք»։
Հարցին՝ ՀՀԿ-ն վատ չի՞ զգում, որ նոր Սահմանադրությունը, որը նախկին ընդդիմադիրների կողմից որակվում էր որպես «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում», բաժին է հասել Փաշինյանին, Բաղդասարյանն ասաց.
«Բարով մաշի»։