29/08/2018 15:59
Երևանի բնակիչները տեսնելու են առավելությունները և ընտրելու են «Լույս» դաշինքին. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)
Շեշտը չենք դրել քանակական առավելության վրա, ներառել ենք մարդկանց, ովքեր տեսնում են իրենց քաղաքական կառավարման մեջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ԿԸՀ հանձնեց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածուների ցուցակը:
Նա նշեց, որ ցուցակը բաղկացած է 111 հոգուց, այն գլխավորում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Մեր շանսերը գնահատում եմ հաղթական, բայց դրանք չեմ դիտարկում համեմատական մնացածի հետ: Մրցակից համարում ենք բոլորին ու բոլորին հարգանքով ենք մոտենում», - նշեց Խաժակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց իրենց թեկնածուին պետք է ձայն տալ, Խաժակյանն ասաց, որ վերջինս տիրապետում է մայրաքաղաքի բոլոր խնդիրներին ու իրենց թիմը կենտրոցած է այդ խնդիրների լուծման ճանապարհների վրա: Նրա խոսքով՝ իրենց թիմը տեսնում է տարիներով կուտակված խնդիրները և առաջարկում է ոչ թե գոյատևում, այլ զարգացում:
«Կարծում ենք, որ Երևանի բնակիչները տեսնելու են այդ առավելությունները և ընտրելու են «Լույս» դաշինքին», - նկատեց նա:
Նշենք, որ ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտարարել էր 10 քաղաքական ուժ՝
«Իմ քայլը» դաշինքը, որի թեկնածուն Հայկ Մարությանն է, «Լույս» դաշինքը՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությամբ, ԲՀԿ-ն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, «Երկիր Ծիրանին»՝ Զարուհի Փոստանջյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ Արարատ Զուրաբյանի, ՀՅԴ-ն՝ Միքայել Մանուկյանի, «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Երևանի հանրություն» դաշինքը՝ Անահիտ Թարխանյանի, ՕԵԿ-ը՝ Մհեր Շահգելդյանի, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ Մանուել Գասպարյանի: