30/08/2018 11:57
Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. դրանում 300-ից ավելի աշխատատեղ ու մոտ 50 մլն դոլարի ներդրում է կանխատեսվում
Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Էկոս» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշմանը:
«Այս որոշմամբ հաստատվում է այն քաղաքականությունը, որ ՀՀ տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա», - ասաց հարցով զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2043թ.-ը կներգրավվի շուրջ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021թ.-ը խոսք է գնում 50 շահագործողի մասին: Ծրագրի ընթացքում զուտ միայն կազմակերպչի կողմից սկզբնական փուլում ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում է շահագործողների կողմից: Կազմակերպիչը, նախնական հաշվարկներով, մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021թ. 15 մլն և հետագա տարիներին ևս 30 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կանխատեսվում», - ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարի խոսքով՝ այս ազատ տնտեսական գոտին հիմնական երկու տարածք է ունենալու, արտադրական հատվածը՝ Հրազդանում, գրասենյակայինը՝ Երևանում:
«Սա կլինի Հայաստանում 4-րդ ազատ տնտեսական գոտին», - ասաց Արծվիկ Մինասյանը: