30/08/2018 19:09
Կա հստակ և ուղիղ քաղաքական պատվեր՝ Սերժ Սարգսյանի դեմ. Շարմազանով
Ակնհայտ է, որ կա հստակ և ուղիղ քաղաքական պատվեր՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ այսօրվա տարածած հաղորդագրությանը, որտեղ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում շրջանառվում էր նաև ՀՀ երկրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ զարմանա, եթե այսօրվա Հայաստանում Քենեդու սպանությունը, Կապլանի կողմից Լենինի դեմ մահափորձը ու նմանատիպ աղմկահարույց դեպքեր ևս կապեն Սերժ Սարգսյանի անվան հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա համոզվածություն հայտնեց, որ գործի հետ կապված փաստաբանները կտան սպառիչ և համոզիչ պատասխաններ։
«Այսօրվա Հայաստանում այլևս ոչնչից պետք չէ զարմանալ», - եզրափակեց խոսքը նա։
«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը: