30/08/2018 15:40
Ադրբեջանում Դեն Բիլզերյանին երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանը որոշել է ձերբակալել նրան
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայկական ծագումով ամերիկացի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի նկատմամբ:
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից նշել են, որ Բիլզերյանը «կազմակերպված խմբի կազմում» 2018 թվականի օգոստոսի 28-ին առանց անհրաժեշտ փաստաթղթերի՝ շրջանցելով Ադրբեջանի պետական սահմանի հսկիչ անցագրային կետերը, «անօրինական ճանապարհով» այցելել է Ստեփանակերտ և «օկուպացված այլ տարածքներ»:
Գտնվելով Լեռնային Ղարաբաղում, Բիլզերյաը «կազմակերպել է ցուցադրական կրակ՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված զինատեսակներից»:
Հարուցվել է քրեական գործ 228.2 հոդվածով (կազմակերպված խմբի կողմից անօրինական ճանապարհով հրազենի ձեռքբերում, իրացում, վաճառք) և 318.2 հոդվածով (Ադրբեջանի պետական սահմանի հատում՝ կազմակերպված խմբի կողմից, առանց անհրաժեշտ փաստաթղթերի և հսկիչ անցագրային կետը շրջանցելով):
Դատարանի որոշմամբ՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բացի այդ՝ նամակ է ուղարկվել Ինտերպոլ՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար: