30/08/2018 14:34
Ոստիկաններն ուկրաինացի երաժիշտին բերման ենթարկելիս որևէ օրենք չեն խախտել, նա եղել է ոչ սթափ վիճակում. Վալերի Օսիպյան (Տեսանյութեր)
Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում օրենքի որևէ խախտում չի եղել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում», - ասաց ոստիկանապետը:
Նա նշեց՝ երաժշտությունը շատ գեղեցիկ է, սակայն ամեն դեպքում պետք է պահպանել համակեցության կանոնները:
«Երաժշտությունը շատ հաճելի է, հատկապես՝ զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց այն աղմուկ է դառնում տեղի բնակիչների համար, ովքեր այն լսում են առավոտից երեկո: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում բնակիչներից», - ասաց Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով ուկրաինացի երաժիշտների հետ կապված միջադեպին, ոստիկանապետը նշեց, որ վերջիններս եղել են ոչ սթափ վիճակում, և ոստիկաններին խնդրել են միջամտել հենց պողոտայի անցորդները.
«Երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում, և միջադեպը եղել է երկուսի միջև, քաշքշել են իրար, տվել են միմյանց հայհոյանքներ և ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ անցորդներն են հենց ուղղորդել ոստիկաններին, թե՝ չե՞ք տեսնում, որ այնտեղ ոչ սթափ վիճակում քաշքշում են միմյանց: Ոստիկանները նրանց մոտ տեսել են գարեջրի տարաներ, այսինքն՝ կոպիտ խախտում կար հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման: Օրենքի սահմաններում բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ կազմվել է արձանագրություն, և ժամկետը լրանալուց հետո նրանք բաց են թողնվել ու այս պահին էլ ազատության մեջ են», - ասաց Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ հրահանգել է ոստիկաններին այսուհետ մոտենալ և զգուշացնել երաժիշտներին, որ երաժշտությունը շատ բարձր չլինի:
«Որպեսզի իրենց հաճելի լինի դա, բայց նաև չխախտվեն համակեցության կանոնները»:
Նշենք, որ նախօրեին համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում ոստիկանները ուժի գործադրմամբ Հյուսիսային պողոտայից հեռացնում էին ուկրաինացի երաժշտին։ Վերջինս պնդում էր, որ սթափ է և չի հասկանում՝ ինչու՞ են իրեն տանում ոստիկանություն միայն այն բանի համար, որ նվագում էր պողոտայում: