30/08/2018 18:52
Հանրային ռադիոյի լսարանի համար սա որոշ չափով շոկային ֆորմատ է. Ավետ Բարսեղյանն՝ «Անկոչ հյուր» նախագծի մասին
Աշնան առաջին ամսից Հանրային ռադիոյում կմեկնարկի ժամանցային նոր նախագիծ. «Անկոչ հյուր»-ի տաղավարում պատահականության սկզբունքով ընտրված թեմայի շրջանակներում կանկեղծանան ճանաչված մարդիկ: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց հաղորդման համահեղինակ, վարող Ավետ Բարսեղյանը:
«Հաղորդման ընթացքում հյուրն առաջարկված 4 երգից ընտրելու է մեկական տող՝ նշելով թվեր: Օրինակ, եթե այդ երգն ունի 32 տող, ու հյուրը պատահականության սկզբունքով նշել է 8-րդ տողը, ապա հենց այդ տողում տեղ գտած արտահայտությունն էլ դառնալու է մեր զրույցի թեման: Չորս երգի չորս տողը կապահովեն օրվա զրույցի ուղղվածությունը: Հաղորդման վերջում հյուրը պետք է զանգահարի իր մտերիմներից որևէ մեկին ու «բարև»-ից հետո ասի հենց այդ 4 նախադասությունները՝ առանց ավելորդ որևէ բառի: Հավատացեք, հեռախոսի մյուս ծայրից ամենատարբեր արձագանքներ են լինում: Հանրային ռադիոյի լսարանի համար էլ սա որոշ չափով շոկային ֆորմատ է, քանի որ մեր ունկնդիրը սովոր էր մշտապես զուսպ խոսք լսել», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ավետ Բարսեղյանը, շուրջ 20 տարի լինելով հեռուստառադիո եթերներում, խոստովանում է՝ թեմայի անկանխատեսելիությունն ու որևէ ֆորմատի մեջ չտեղավորվելը հաղորդման առաջին ձայնագրության ժամանակ թե՛ իր, թե՛ հյուրի համար փոքր-ինչ դժվարություն էր ստեղծել, բայց ոչ կաշկանդել: Նկատում է՝ ընթացքում ամեն ինչ հունի մեջ ընկավ, ու դեռս չի եղել դեպք, որ հյուրը խուսափի հաղորդումից, իր հյուրերը բարդույթներ չունեն:
«Այս տարիների ընթացքում չի եղել դեպք, որ իրար խառնվեմ և չիմանամ, թե «տակից» ինչպես եմ դուրս գալու, բայց տարիների փորձն ինձ չի «չորացրել», որ անհանգստություն կամ լարվածություն չունենամ: Իհարկե, փորձառությունն օգնում է անկանխատեսելիությունը դարձնել առավել սահուն», - նշեց նա:
45 րոպե տևողությամբ «Անկոչ հյուր»-ը Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանում է լինելու շաբաթը երկու օր՝ երեքշաբթի և հինգշաբթի: Առաջին հյուրերն են եղել Արամ MP3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրաչուհի Ութմազյանը, DJ Smoke-ը:
«Տարիքային սահմանափակում այս հաղորդումը չունի, մենք կհյուրընկալենք նաև Ռուբեն Մաթևոսյանին, Նառա Շլեպչյանին, Սարգիս Նաջարյանին», - նկատում է հաղորդավարը ու ընդգծում՝ ավագ սերունդն, անպայման, պետք է ներգրավվի իրենց նախագծում: