30/08/2018 17:00
Գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է Սերժ Սարգսյանի անունը
«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռևս 2009 թ. հուլիսի 27-ին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշված ընկերության բաժնետոմսերն առերևույթ հափշտակելու համար 2009 թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Լևոն Մարկոսին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: 2009 թ. նոյեմբերի 23-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:
2018 թ. մայիսի 18-ին սույն քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Լևոն Մարկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և վերսկսվել քրեական գործի կասեցված վարույթը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
2018 թ. հունիսի 19-ին Լևոն Մարկոսն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարցաքննվել:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Լևոն Մարկոսի կողմից «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետոմսերը ձեռք բերելու, բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու իրական հանգամանքների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Լևոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։
Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։
Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով իրեն Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և կարճվել քրեական գործի վարույթը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:
Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։