31/08/2018 15:02
Արա Բաբլոյանն ու իրանցի պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին և խմբի անդամներին:
Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձևավորված են սերտ, բարիդրացիական և փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված հարաբերություններ:
ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամության խմբերը. երկկողմ շփումներն ու փոխայցելություններն նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլև միջպետական հարաբերություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ 2018թ. փետրվարին Իրան կատարած այցի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ այս հարցում նպատակային գործունեություն է ծավալում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա առեւտրատնտեսական հարաբերությունների համար:
Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նշելով, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա՝ խմբի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես աջակցել են միմյանց:
Ռամեզան Ալի Սոբհանիֆարը ևս միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային հարաբերությունների դինամիկ զարգացման միտումներին, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարեւորությանը: