31/08/2018 13:09
Իրավաբանական աղբ է, ոչ թե՝ քրեական գործ. Քոչարյանը՝ իր նկատմամբ հարուցված քրգործի մասին
Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որևէ կապ չունի, Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դա հայտարարեց նաև քննչական մարմնի ղեկավարը։ Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, և թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ», - ասել է նա։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրած մեղադրանքին՝ Քոչարյանը նշել է. «Այն, ինչ արվեց Խաչատուրովի հանդեպ, հեռատեսական քայլ չէր, մի քայլ էր, որը բավական լուրջ մտահոգություն ստեղծեց կազմակերպության շրջանակներում. հնարավոր է նաև, որ մեր տեղը կորցնենք այդ քրեական գործի պատճառով։ Չեմ կարծում, որ քրեական գործի առումով որևէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է»:
Դիտարկմանը, թե ինչե՞ս է հնարավոր վերականգնել այդ վնասը՝ Քոչարյանը նշել է, որ առաջին հերթին խետք է վերանայել իշխանությունների` Մարտի 1-ի նկատմամբ որդեգրած մոտեցումը։
«10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, նրանք այսօր փորձում են վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը, և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումից», - ընդգծել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: