31/08/2018 11:32
Բոլորն ասում էին՝ կառավարության ծրագրում թվեր չկային. ես կարծում եմ, որ դա ճիշտ էր. Վահագն Խաչատրյան
Ճիշտ է, որ կառավարության ծրագրում թվեր չեն ներկայացվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության 100 օրվա աշխատանքին:
Որպես 100 օրվա ամենամեծ ձեռքբերում՝ տնտեսագետը մատնանշեց տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձևավորումը, որի համաձայն՝ պետք է ունենալ կոռուպցիայից, մոնոպալիաներից զուրկ տնտեսություն, որն ապահովում է ներքին մրցակցություն և ազատ տնտեսական գործունեություն:
«Բոլորն ասում էին, որ կառավարության ծրագրում թվեր չկային, ես կարծում եմ, որ դա ճիշտ էր, որովհետև տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունն էր ճիշտ, ոչ թե թվերը», - ասաց նա:
Միևնույն ժամանակ Խաչատրյանը նկատեց, որ դեռևս կան խնդիրներ, որոնք չեն լուծվել՝ լրջագույն պրոբլեմ դառնալով: Որպես այդպիսիք՝ տնտեսագետը մատնանշեց գործազրկությունը, ներդրումային դաշտը, մոնոպոլիաներն ու ներքին մրցակցության բացակայությունը:
«Այս խնդիրների լուծումը կառավարությունից 100 օրվա մեջ ակնկալել զուտ մասնագիտորեն ճիշտ չէ», - նկատեց նա: