31/08/2018 09:39
«Փաստ». Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի թեկնածու
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020-ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի և ոչ թե՝ որպես նախագահի թեկնածու:
Այսինքն, սա Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետն է, ուստի արցախյան, ինչպես նաև հայաստանյան քաղաքական վերնախավը արդեն իսկ նոր նախագահի թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ է:
«Փաստի» ունեցած տեղեկություններով, արցախյան էլիտան արդեն իսկ նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի անձի շուրջ՝ որպես փոխզիջումային թեկնածու առաջարկվում է Արայիկ Հարությունյանի անունը: Սա, երևի թե, զարմանալի չէ, եթե հիշենք, որ հենց նա էր ապահովում Արցախից մարդկանց հոսքը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մյուս կողմից՝ Արցախում բողոքի ակցիաների ժամանակ նրա հրաժարականը ինքնին խոսուն է: Ըստ էության, թե Արցախի, թե Հայաստանի ներկայիս իշխանություններին ձեռնտու է, որ մինչև 2020 թվականը Արայիկ Հարությունյանը ստանա անբիծ քաղաքական գործչի համբավ»: