31/08/2018 15:11
Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական և ավանդական արժեքային համակարգերից», - ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։
«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով», - նշել է Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։
«Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը», - ասել է Էդուարդ Շարմազանովը և նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։
«Այսօր էլ Ռուասատանը կարևոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում և պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան», - ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար և նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։