01/09/2018 09:52
Հայտնաբերվել է Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կասկածյալներից ևս մեկը. Ոստիկանություն
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։ Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։
Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։ Այսօր հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել էր 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։ Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ։