01/09/2018 14:41
Աղջիկս գնում է այն նույն դպրոց, որտեղ սովորել ենք ես ու եղբայրս. Դերասան Անդրանիկ Հարությունյանի դուստրն առաջին անգամ դպրոց գնաց
Ուսումնական տարին այսօր իր դռներն է բացել աշակերտների և ուսանողների առջև: 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Աջափնյակ համայնքում գտնվող թիվ 185 հիմնական դպրոցի ճանապարհն է բռնել նաև դերասան Անդրանիկ Հարությունյանի դուստրը՝ Էլենը, ով արդեն վերոնշյալ դպրոցի 1ա դասարանի աշակերտուհի է:
«Աղջիկս գնում է այն նույն դպրոց, որտեղ սովորել ենք ես, եղբայրս, այժմ էլ սովորում են եղբորս դուստրերը: Թեև ես հաճախ եմ այդ դպրոց այցելում, հանդիպում իմ ուսուցիչներին, սակայն այսօր ևս մեկ անգամ նման առիթ ունեցա: Դպրոցի տնօրենն էլ չի փոխվել: Այնպես որ, օրը հաճելի էր ոչ միայն Էլենի, այլև՝ ինձ համար», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը:
Ի տարբերություն շատ փոքրիկների, ովքեր դժվարությամբ են համակերպվում դպրոցական նստարանին, դերասանի դուստրն անհամբերությամբ էր սպասում այս օրվան:
«Էլենը շատ բարձր տրամադրությամբ դպրոց գնաց: Ասեմ ավելին, որոշված էր, որ ամբողջ դասարանը պետք է գնա Մուղնիի եկեղեցի ու քահանայի կողմից օրհնություն ստանա: Բնականաբար, կարող էինք մեր ավտոմեքենայով գնալ, բայց աղջիկս նախընտրեց ավտոբուսով գնալ՝ երեխաների հետ: Վերադառնալուց էլ, երբ շատ ծնողներ իրենց երեխաներին արդեն ավտոմեքենայով էին տանում, նա դպրոց վերադարձավ ավտոբուսով՝ գերադասելով ընկերների շրջապատը», - նկատեց մեր զրուցակիցը:
Դեռ մանկապարտեզից Էլենը անգիր գիտի այբուբենը, կարողանում է գումարել ու հանել: Քիչ թե շատ ռուսերենին ու անգլերենին է տիրապետում: Անդրանիկ Հարությունյանը համոզված է՝ դուստրը դպրոցում լավ է սովորելու, որպեսզի պետքական մարդ դառնա:
«Թե՛ իմ աղջկան, թե՛ բոլոր աշակերտներին ու ուսանողներին շնորհավորում եմ գիտելիքի օրվա կապակցությամբ: Թող դուխով լինեն բոլորը, լավ է լինելու», - եզրափակեց խոսքը դերասանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է փոքրիկ Էլենին ու բոլոր աշակերտներին և ուսանողներին՝ մաղթելով բարի ուսումնական տարի: