01/09/2018 14:50
Յասմինա Ռեզայի թատրոնը Հայաստանում կներկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում
Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները։ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, և ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին:
Նախագիծը ներառում է հետևյալ միջոցառումների շարքը. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը:
Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար:
Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը (Ֆրանսիա), Մարժոլեն Օժերը (Կանադա) և Ժերալդ Բաբազյանը (Ֆրանսիա):
Հրավիրյալ արտիստները ուսանողների համար կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և պրոֆեսիոնալ դերասանների համար՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան:
Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով:
Կթարգմանվի և Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է «Ագորա» թատերախմբի հետ համատեղ:
Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
ԼՈՖԹ-ում կցուցադրվի Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է «Ագորա» թատերախմբի հետ համատեղ:
Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաև վարպետության դասընթացներ:
Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաև Սևանում:
Հայ թատրոնի խաղացանկը կարիք ունի թարմանալու համաշխարհային հնչեղություն ունեցող գրողների երկերով, և սա հրաշալի առիթ կլինի անդրադառնալու համաշխարհային գրականության և թատրոնի մեջ իր ուրույն տեղն ունեցող ժամանակակից այս հեղինակին։