02/09/2018 21:36
Ամուլսարի հարցով կառավարության որոշումը հիմնված կլինի միջազգային կազմակերպության փորձաքննության արդյունքի վրա. Փաշինյան
Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության, Facebook-ի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց վերջնական եզրակացության համար հարկավոր է իրականացնել միջազգային փորձաքննություն։ Քրեական գործ կա հարուցված։ Եվ Քննչական կոմիտեն պետք է նշանակի փորձաքննություն, և կարևոր է, որ այն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի արդյունքները ընդունելի լինեն թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից», - ասաց Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, կառավարության որոշումները կարող են հիմնված լինել անառարկելի փաստերի վրա։
«Մենք ուզում ենք փարատել բոլոր կասկածները՝ կամ դրական կամ բացասական։ Միայն փորձաքննության հիման վրա մենք կարող ենք կայացնել որոշումներ։ Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, և այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է», - նշեց Ն.Փաշինյանը։