03/09/2018 10:25
Նիկոլ Փաշինյանի վատ աշխատանքի ու սխալների վերագրումն ԱԺ-ին առնվազն ծիծաղելի և անհեթեթ է. Շարմազանով
Երեք ու կես ամիսը բավարար էր՝ արձանագրելու Փաշինյանի ու նրա կառավարության ֆիասկոյին մոտ գտնվելու իրողությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թվականի հունիս կլինեն ԱԺ ընտրություններ:
«Նա փորձում է հանրության ուշադրությունը իր աշխատանքի անարդյունավետության արձանագրումից տեղափոխել դեպի նոր արհեստական սահմանադրական փոփոխությունների օրակարգ», - նշեց նա։
Շարմազանովն ընդգծեց՝ Սահմանադրությունն ընդամենը մի քանի ամիս է ամբողջությամբ ուժի մեջ մտել ու աբսուրդ է փոփոխության մասին խոսելը, ինչ է թե Փաշինյանն ուզում է մնալ վարչապետ:
«Երկրորդ, այս երեք ու կես ամիսների ընթացքում ԱԺ-ն որևէ, կրկնում եմ, որևէ արհեստական խոչընդոտ Փաշինյանի կառավարության համար չի առաջացրել, հետևաբար, իր վատ աշխատանքի ու սխալների վերագրումն ԱԺ-ին առնվազն ծիծաղելի և անհեթեթ է», - նշեց Ազգային ժողովի փոխնախագահը։