03/09/2018 10:54
Հայաստանի այս իրավիճակում չէր կարելի ներմուծման գները բարձրացնել. Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում (Տեսանյութ)
Հայաստանի այս իրավիճակում չէր կարելի ներմուծման գները բարձրացնել, կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով միացել է կառավարության դիմաց բողոքի ակցիա անող առևտրականներին:
Նա ընդգծեց, որ երկու ամիս առաջ նամակ է ուղղել Փաշինյանին՝ ներկայացնելով ծրագիր՝ ուղղված ՓՄՁ-պետություն շահերը պաշտպանելուն:
«Ամեն ինչ գրագետ գրված էր՝ ինչպես անել, որ նրանց վիճակը լավանա, բայց մինչև այսօր պատասխան չկա», - նշեց նա:
Ներսիսյանն ասաց, որ այսօր մինչև ժամը 16:00-ը պատրաստվում են բողոքի ակցիա անել և կոչ արեց բոլոր տոնավաճառների աշխատակիցներին, փոքր և միջին արտադրողներին միանալ իրենց խաղաղ բողոքի ակցիային:
«Մենք խելոք կկանգնենք մինչև պարոն Փաշինյանի հետ հանդիպենք: Մեր նպատակը դա է: Նախկին կառավարության խոսալաձևի և արհամարհական վերաբերմունքի համար պատրաստ էինք վիճաբանության գնալ, բայց քանի որ պարոն Փաշինյանն է, մենք էլ այս հեղափոխությանը մասնակից ենք եղել, հանգիստ կանգնելու ենք ու խնդրելու, որ այս գները վերանայեն», - նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վերանայել մաքազերծման գները: