03/09/2018 12:24
Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ. Լավրով
Մոսկվան Հայաստանի ներքին գործն է համարում այդ երկրի նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությունը, սակայն երկրում անհանգիստ վիճակը տագնապ է առաջացնում:
«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը հետաքննվում են, դուք գիտեք փաստերի մասին, գիտեք այն ձերբակալությունների մասին, որոնք տեղի են ունենում: Դա, իհարկե, համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը: Եվ մենք, իսկապես, ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքերի վրա և արագ հաղթահարվեն », - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում:
Նա նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը:
«Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրի իրադրության զարգացման հեռանկարները», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: