03/09/2018 12:32
2018-ի առաջին կիսամյակում 685 հազ. 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Արծվիկ Մինասյան
2018 թ. հունվար-հունիսին իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -53.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 81.3 մլն ԱՄՆ դոլար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ նախարարն ասաց, որ 2018թ. առաջին կիսամյակում 685 հազ. 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10.2 տոկոս, զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 610 հազ. 900 մարդ, աճը կազմել է 7.1 տոկոս», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Զբոսաշրջիկների 27.1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 24 տոկոսը՝ ԵՄ երկրներին, 48.9 տոկոսը՝ այլ երկրների խմբին։
Նախարարը նշեց նաև, որ 17.1 տոկոս աճ է գրանցվել ներքին զբոսաշրջության կառուցվածքում։