03/09/2018 19:41
«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը». Արման Նշանյանի նոր ներկայացման մեջ ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Նաիրա Շահիրյանը և այլք
Կինն ու տղամարդը, ովքեր տառապում են բազմաթիվ դժվարությունների պատճառով, իրենց կյանքում տեղ գտած խնդիրներին թույլ են տալիս տնօրինել սեփական կյանքը՝ ուրախ իրականությունը դարձնելով դժոխային: Սա ռեժիսոր, դերասան Արման Նշանյանի նոր՝ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման հակիրճ բովանդակությունն է՝ հիմնված Նիլ Սայմնի՝ «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» պիեսի վրա:
Սցենարիստներ Արտուշ Գևորգյանի ու Վահան Մովսեսյանի կողմից տեղայնացված տրագիկոմեդիայում շոշափվում են այն բոլոր թեմաները, որոնք բավական ակտուալ են նաև Հայաստանում:
«Բարձրակարգ դրամատուրգիան չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ազգություն: Այս պիեսն էլ համամարդկային խնդիր է բարձրացնում: Մեր տարբերակում, հիմնականում, ներկայացումն արտացոլելու է այն ամենն, ինչ կատարվել է մեր երկրում վերջին 24 տարիների ընթացքում: Ճիշտ է՝ հեղափոխությունից հետո շատ բան փոխվել է, նաև՝ մեծ սպասումներ ունենք, բայց դեռևս հասարակության մեծ մասը սեփական մաշկի վրա, առօրյայում չի զգում այդ փոփոխություններն ու հույսով սպասում է», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արման Նշանյանը:
Դերասանական կազմում ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Նաիրա Շահիրյանը, Մարգարիտա Շահվալադյանը: Ռեժիսորը նկատեց՝ ներկայացման այս ժանրը Մկրտիչ Արզումանյանի համար դեբյուտային էր, ու ինքը հիացած է դերասանի տաղանդով:
«Ինձ համար շատ մեծ բավակնություն է իր հետ աշխատելը: Դերասաններին ընտրել ենք ես, Արման Միտոյանն ու Մկրտիչը: Սա մեր համատեղ նախագիծն է, որի վրա աշխատում ենք արդեն մեկ տարուց ավելի: Իմ կարծիքով, այս ժամկետից առավել քիչ ժամանակում միայն հանճարները կարող են լուրջ գործեր բեմադրել: Որպես ռեժիսոր՝ ես շատ գոհ եմ մեր դերասանական, ստողծագործական կազմից, ինձ համար մեծ պատիվ է իրենց հետ աշխատելը», - ընդգծեց նա:
Երկու գործողությամբ երկու ժամ տողությամբ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» Կ. Ստանիսլավկու անվան ռուսական թատրոնի բեմ կբարձրանա սեպտեմբերի 19-ին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հենց այս թատրոնի դահլիճի ընտրությունը, Ա. Նշանյանը պատասխանեց.
«Մի քանի պատճառ կա, որ հենց այս թատրոնն ենք ընտրել. նախ, տեղն է շատ հարմար, նաև՝ բեմական լավ հնարավորություններ ունի: Սա մտերմիկ ներկայացում է ու շատ մեծ դահլիճներ չի սիրում: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ տնօրինությունը մեզ շատ ջերմ ընդունեց»:
Երաժշտական ձևավորումը վստահվել է Վահե Գրիգորյանին, ռեժիսորի օգնականն է Քնարիկ Սարգսյանը, բեմի և զգեստների նկարիչը՝ Արև Պետրոսյանը:
Aysor.am-ի զրուցակիցը վստահեցրեց՝ ներկայացման տոմսերի գնային քաղաքականությունը ևս հանդիսատեսի դժգոհությունը չի առաջացնի: