04/09/2018 13:57
Վլադիմիր Գասպարյանին առնչվող հրապարակման հիման վրա քրգործ է հարուցվել
«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են Հատուկ Քննչական ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ընտանիքի հետ ապրում է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատանը, որը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Նշվում էր նաև, որ զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով: