04/09/2018 17:15
Հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Արտգործնախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։ Այդ ուղղությամբ ԱԳ ղեկավարն առաջնային է որակել նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարումը, հրադադարի ռեժիմի խախտումների և ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։