04/09/2018 11:51
Լարսի անցակետի կուտակումներում քաղաքական խնդիր չկա. նախարար
Լարսում եղած կուտակումների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը եղել է Վրաստանում, իմացել, որ այնտեղ են եղել նաև ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչները, որպեսզի կարողանան համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։
«Այդտեղ աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել։ Համոզվել ենք, որ այդ ժամանակ որևէ քաղաքական նկատառում չկար», - ասաց նախարարը։
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ «ունենք այն, ինչ ունենք»։
«Լարսի ճանապարհը կառուցելիս այն ժամանակ ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն», - նկատեց Հակոբյանը։
Նախարարն ասաց, որ այդ հերթերը վերաբերում են ոչ միայն հայ վարորդներին, դրանցում հայերի չափաբաժինը կազմում է շուրջ 25 տոկոս։
Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանք ունենալուն, նախարարն ասաց, թե դա վերաբերում է միայն բեռափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է։
«Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի և շվեցարական SGS ընկերության միջև, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները», - հայտարարեց Ա. Հակոբյանը։
Վերջինիս խոսքով՝ խնդիրը Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի տիրույթում է։