04/09/2018 19:22
ՀՔԾ-ն որոշել է փոխել Քոչարյանի խափանման միջոցը
Հատուկ քննչական ծառայության քննիչը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից երկրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել, Aysor.am-ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ գործով ՀՔԾ քննիչն իրենց այդ մասին տեղեկացրել է ու փոխանցել, որ համապատասխան պաշտոնական գրությունը փոստով ուղարկվել է։
Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում խափանման միջոցի փոփոխության մասին որոշումը, Օրբելյանը պատասխանեց. «Առաջին հայացքից իրավաչափ որոշում չէ, բայց այն պետք է ստանանք, ուսումնասիրենք և հետո միայն գնահատականներ կհայտնենք»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացել էր և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառվել։ Այժմ, երբ տարածվեցին տեղեկություններ, որ Քոչարյանը պատրաստվում է մեկնել երկրից, նախաքննական մարմինը որոշեց երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց ընտրել երկրորդ նախագահի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա 17 օր մնաց անազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների բողոքը, և նա ազատ արձակվեց։