04/09/2018 14:51
Արմենիա TV-ին մինչև 2022 թվականը կցուցադրի Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը և Եվրո-2020-ը
«Արմենիա» հեռուստաընկերությունն այս հեռուստասեզոնում կներկայանա ֆուտբոլային մեծ փաթեթով: ՈՒԵՖԱ-Ի հետ «Արմենիա» Հ/Ը կնքել է աննախադեպ պայմանագիր՝ ձեռք բերելով առաջիկա 4 տարվա ընթացքում 7 ֆուտբոլային մրցաշար ցուցադրելու իրավունքը:
Մինչև 2022 թվականը «Արմենիա» Հ/Ը եթերում կլինեն Ազգերի լիգայի 2018 և 2020թ-ների խաղարկությունները` ներառյալ եզրափակիչ մրցաշարերը, Եվրո-2020-ի և Մունդիալ-2022-ի ընտրական և Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարերը:
«Արմենիա» Հ/Ը գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի խոսքով, հեռուստաընկերությունը միակն է Հայաստանում, որը տիրապետում է նման քանակությամբ որակյալ ֆուտբոլային կոնտենտի:
«ՈւԵՖԱ-ի հետ աննախադեպ պայմանագիր ենք կնքել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հեռուստաընկերություն երբևէ նման ծավալի ու բովանդակության պայմանագիր չի ունեցել ՈւԵՖԱ-ի հետ» - նշում է Ռուբեն Մխիթարյանը:
Այսուհետև, ֆուտբոլային բոլոր մրցաշարերում, Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների միակ պաշտոնական ցուցադրողը «Արմենիա» Հ/Ը-նն է: Հեռուստաընկերությանն է պատկանում նաև ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների ցուցադրման իրավունքը:
Սեպտեմբերից մինչև նոյեմբեր Արմենիա Հ/Ը ամեն ամիս կցուցադրի Հայաստանի հավաքականի երկու խաղ: 4 տարիների ընթացքում ընդհանուր 40 հանդիպում` ներառյալ արտագնա խաղերը: Հեռուստահարթակը դառնում է նաև խթան՝ հայկական ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման համար: