04/09/2018 14:10
Ես մասնակցում եմ այս ընտրություններին միայն ու միայն մեկ նպատակով՝ հաղթելու, ընդ որում՝ հենց առաջին փուլում. Արարատ Զուրաբյան (Տեսանյութ)
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող թեկնածու դերասան Հայկ Մարությանի հայտարարություններում որևէ արտառոց բան չկա։
«Յուրաքանչյուրը նրա արտահայտություններում գտավ այն, ինչ ինքը կփորձեր օգտագործել հենց Հայկ Մարությանի դեմ։ Մարդ է, հայտարարություն է արել՝ մեկի համար ընկալելի կլինի, մյուսի համար՝ ոչ», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց թեկնածուն։
Դիտարկմանը, թե Մարությանը սև ու սպիտակի տարանջատում էր կատարել, Զուրաբյանը արձագանքեց.
«Յուրաքանչյուր մարդ իր համար կարող է վերցնել որոշակի ներկապնակ և բոլորին ձևավորել ըստ իր կամքի ու ճաշակի։ Եկեք մի բան նկատի ունենանք՝ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ուզում ենք, որ լինի խոսքի ազատություն ու հետո երբ մի խոսք ենք ուզում լսել, բոլորս ուզում ենք կառչել դրանից»։
Այդուհանդերձ, Զուրաբյանի կարծիքով, Հայկ Մարությանը չի ցանկացել վիրավորել որևէ մեկին և «իր պատկերացումների շրջանակում» ձևակերպումներ է հայտնել, ինչը իր իրավունքն է։ Սակայն դրա համար, ըստ թեկնածուի, չպետք է դուրս գալ անձի դեմ։
Aysor.am-ի հարցին, կատարվե՞լ է ուսումնասիրություն և այս պահի դրությամբ ինչպե՞ս է գնահատում իրենց հնարավորությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, Զուրաբյանը պատասխանեց.
«Ուսումնասիրություն պետք չէ, չնայած կատարվում է, և ես կարծում եմ, որ ինձ համար նպաստավոր վիճակ է։ Ներկայացված թեկնածուները, լինելով շատ լավ մարդիկ, ընկալելի ու ընդունելի հասարակության կողմից, ունեն այդ ոլորտում աշխատանքի պակաս։ Ես այդ ոլորտում աշխատել եմ, շատ լավ գիտեմ տեղական ինքնակառավարումը, քաջածանոթ եմ թեմային, գիտեմ՝ ինչ է պետք։ Բայց հանրությունը կորոշի՝ ում տալ ձայնը»։
Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է նախընտրական շրջանի ինչ-որ փուլում հայտարարի մասնակից մյուս ուժերից մեկին աջակցելու ու ընտրապայքարից դուրս գալու մասին, Զուրաբյանը բացառեց. «Ես ասում եմ հետևյալը՝ ես մասնակցում եմ այս ընտրություններին միայն ու միայն մեկ նպատակով՝ հաղթելու, ընդ որում հաղթելու հենց առաջին փուլում»։